slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բյուրոյի փորձագետները մրցանակների են արժանացել Մինսկում կայացած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթում

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Սոնա Նիկոլյանը և պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Քրիստինա Մաչկալյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 20-ին կայացած դատափորձագիտության բնագավառի երիտասարդ հետազոտողների «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթում արժանացել են մրցանակների: Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում կայացած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» գիտական աշխատանքների մրցույթը, որին մասնակցում էին եզրափակիչ փուլ անցած շուրջ երկու տասնյակ երիտասարդ հետազոտողներ, նպատակ ունի երիտասարդներին ներգրավելու դատական փորձաքննության արդի հիմնախնդիրներին առնչվող գիտական հետազոտությունների իրականացման գործընթացում:

Մրցույթի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Սոնա Նիկոլյանը հանդես է եկել «Հայաստանյան շուկայում սպառվող ըմպելի յոգուրտներում և բիոկեֆիրներում Bacillus ցեղի հեմոլիտիկ ակտիվությամբ օժտված տեսակների հայտնաբերումը» թեմայով զեկույցով, որում անդրադարձել է կաթնամթերքում սպոր առաջացնող մանրէների տարածմանը, դրանց կենսաքիմիական հատկությունների ուսումնասիրմանը և նորագույն մեթոդների կիրառմամբ կաթնամթերքի մանրէազերծմանը:

Սոնա Նիկոլյանի հիշյալ գիտական աշխատանքն ընդգրկվել է առավել ստեղծագործ երիտասարդ գիտնականների լավագույն աշխատանքների եռյակում և արժանացել 2-րդ աստիճանի դիպլոմի:

Իսկ Բյուրոյի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Քրիստինա Մաչկալյանի «Ատոմային աբսարցիոն սպեկտրոսկոպիայի կիրառումը դատաձգաբանական փորձաքննությունում» թեմայով գիտական հոդվածը հաղթող է ճանաչվել «Լավագույն գիտական տեսական աշխատանք» անվանակարգում:

Հաղթողներին և մրցանակակիրներին պատվոգրեր է հանձնել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթի ժյուրիի պատվավոր անդամ, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը` ընդգծելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման և երիտասարդ գիտնականներին դատափորձագիտական ոլորտում առավել ակտիվ ներգրավելու կարևորությունը։

26 October 2023